Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ստեղծեք ձեզ ու ձեր Հայրենիքը

Ստեղծեք ձեզ ու ձեր Հայրենիքը
08.12.2017 | 01:32

Երբեք գետի խորությունը մի փորձեք երկու ոտքով: Ձմե՞ռ էիք ուզում, եկավ: Ովքեր չէին ուզում, ասեմ` ցիկլոն է: Հայաստանը երկիր է, որտեղ կատարվում են բոլորի բոլոր ցանկությունները: Որքան էլ հակասական ու միմյանց հակադիր, կատարվում են համաժամանակյա: Ինքներդ որոշեք` պարգև՞ է, թե՞ պատիժ:

Եվրոպա՞ էիք ուզում, համաձայնագիր կնքվեց, եթե կատարվի, կապահովի ազատ մուտք ու ելք, բայց առանց ազատ առևտրի գոտու կիսատ է: Եվրասիա՞ էիք ուզում, ԱԺ-ն քննարկեց և ընդունեց ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը, որ ուժի մեջ է մտնելու հունվարի 1-ից: Հետո՞ ինչ, որ տնտեսագետներն ահազանգում են անխուսափելի թանկացումներ, օրենքն օրենք է: Մի «բայց» կա` Հայաստանին ԵՄ շրջանակային համաձայնագիրը տնտեսական արտոնություններ է տալիս հունվարից: Կարգավորումները կատարվելու են Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերով, բայց ինչպե՞ս են համատեղվելու ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի հետ, որը հակասում է ԱՀԿ նորմերին: Ո՞ր նորմերը կհամարվեն գերակա: Իրավականորեն` միջազգայինը, բայց եվրասիական տարածքն ունի իր տրամաբանությունը: Ստացվելու է, որ Մաքսային օրենսգրքով նախ ստանում ենք «օրինական» գնաճ, հետո` խառնաշփոթ ԵՄ-ի ու ԱՀԿ-ի հետ: Բայց ցանկությունները կատարվու՞մ են: Կատարվում են: Կարևորը դա է: Ճիշտ ցանկություններ ունեցեք: Ո՞վ է մեղավոր:


ՈՒզու՞մ եք «Հյուսիս-Հարավը» կառուցվի: ՈՒզում եք: Կառավարությունը ջանում է, օրինակ, տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է ռուսական «Վիս» շինարարական ընկերության հետ և քննարկել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հարավային մասում բարդ ենթակառուցվածքներ ընդգրկող հատվածի շինարարության մանրամասները: Օֆշորում գրանցված և «Գազպրոմի» գործընկեր «Վիսն» ուզում է մտնել «Հյուսիս-Հարավ» և կմտնի` լինելով «Գազպրոմի» գործընկեր: Հանուն հավասարության` մի հատված էլ կտան իտալացիներին` «Տիրենա Սքավիին»: Բաբաջանյան-Աշտարակը` 32,943,648.15 ԱՄՆ դոլար գնով: Երկարությունը` 10 կմ, լայնությունը՝ 24 մ: 4 երթևեկելի գոտի, 3 ուղևորանցում, 3 թունել, LED լուսավորություն, միջազգային չափանիշներով արգելապատնեշներ ու գծանշումներ: Կսկսեն 2018-ի գարնանը: Ավելին` Կարեն Կարապետյանը հանդիպել է չինական China Construction First Group կորպորացիայի պատվիրակությանը ու քննարկել «ճանապարհաշինության և ենթակառուցվածքների բարելավման ոլորտներում ընթացքի մեջ գտնվող և նախատեսվող ներդրումային ծրագրերում չինական կորպորացիայի ներգրավման հնարավորությունները»: Որտե՞ղ են «ներգրավվելու» չինացիները: Ձեր փողոցի ու բակի ասֆալտն ու բարեկարգումը մոռացեք` մասշտաբային մտածեք: Կամ` «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղի, կամ` Հայաստան-Իրան երկաթուղի: Ինչու՞ հստակ չեն ասում: Չար աչքից վախեցեք: Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Երևանում այնքան առաջարկներ արեց, որ կեսն էլ կատարվի, երկիր կփոխվի: Ճիշտ է` առաջարկները միայն ասուլիսում բարձրաձայնվեցին նրա շուրթերով, պաշտոնական լուրերը պարուրված էին «բարեկամության ու համագործակցության զարգացման» մշուշով, բայց Զարիֆը Երևանում խոսեց էներգետիկ ու տրանսպորտային հեռանկարներից ու պարզ ասաց` Թեհրանը Հայաստանը դիտարկում է Պարսից ծոցն ու Սև ծովը միացնող ճանապարհ: Հիշեք կախարդական բառը` «ճանապարհ»: Այսինքն` հայ-իրանական նոր, տարանցիկ հնարավորությամբ գազամուղ և Հայաստանի տարածքով բեռնափոխադրումների բարեկարգ ճանապարհ ու երկաթուղի: Պատրա՞ստ է սխրանքի Հայաստանը: Պատրաստ է, եթե Թեհրանը պայմանավորվի ՌԴ-ի ու ԵՄ-ի հետ: Երևանը գլուխ չի դնի մի գործի հետ, որ կապվում է Ռուսաստանի շահին: Ավելի հեշտ` կհրաժարվի իր շահից: Ի՞նչ մնաց: Երկաթուղի՞ն: Կապի ու տրանսպորտի նախարարությունը վերջապես չեղարկեց Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության ՌԱՍԻԱ ՖԶԷ կազմակերպության հետ պայմանագիրը, որ կնքվել էր… 5 տարի առաջ Դուբայում գրանցված անհայտ ծագմամբ ընկերության հետ, որը պետք է ներդրող գտներ ու կառուցեր:

5 տարի էր պետք` հասկանալու, որ ՌԱՍիԱ ՖԶԷ-ն չի անում ոչինչ: Ավելի ճիշտ` անում է բուն գործը` ձախողել երկաթուղու կառուցումը` մեկ, և երկու` չի բացառվում` ստվերային գործարքներ էլ են եղել, որ պայմանագրին 5 տարվա կյանք են տվել: Եվ ու՞մ հույսին է երկաթուղին: Իրանի՞, թե՞ Չինաստանի: Ի վերջո, երկաթուղին կարող է դառնալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» «Մետաքսի մեծ ճանապարհի» մաս, թեև Պեկինը իր «Մետաքսի մեծ ճանապարհի» ծովային ու ցամաքային մի քանի երթուղիներ է մշակում` վստահ, որ բոլոր ձվերը մի զամբյուղում դնելը խելամիտ չէ տնտեսապես: Գուցե China Construction First Group-ի հետ Կարեն Կարապետյանը քննարկել է Հայաստան-Իրան երկաթուղու՞ թեման: Իսկ Մոսկվա՞ն: Քաղաքական ու տնտեսական մեկուսացման վիճակում Մոսկվան չի զորում ամեն ինչ իր ձեռքը հավաքել, առավել ևս, իր դեմ են ուղղվում ամեն ինչ արգելակելու փորձերը: Միշտ գտնվում է մեկը, որ անում է այն, ինչ Կրեմլը չի կարողանում: Շահեկանը գործակցելն է: Մոսկվային աշխարհաքաղաքական պատերազմի դադար ու համաձայնություն է պետք Արևմուտքի հետ: Հայաստանը կարող է դառնալ տարածք, որտեղ կգործի այդ համաձայնությունը: Սկսած ՀՀ-ԵՄ համաձայնագրից մինչև տնտեսական ծրագրեր: Թեհրանն ու Պեկինը լավագույնս կարող են այդ ծրագրերում գլխավոր գործող անձ լինել: Ոչ միայն նրանք, ուշադրություն դարձրի՞ք` Թուրքիայի ազգային ավիափոխադրող Turkish Airlines-ի տնօրենը մտադիր է դեպի Երևան չվերթեր սկսել: Պատկերացրի՞ք: Թուրքիայի ազգային ավիափոխադրողը թռիչքներ է սկսում երկիր, որի հետ իր երկիրը չունի դիվանագիտական հարաբերություններ: ՈՒ ինչու՞ են Բաքվում լռում: Կարևորը ցանկությունն է: Ցանկության մասով` ավելի ճիշտ` կարողության: Ձեզ չի՞ թվում, որ ոչ վարչապետը, ոչ նրա կառավարությունը ԵՄ-ի հետ համաձայնագիր կատարող չեն` սեփական երգին դեմ գնալ չեն կարող: Նրանց տարածքը Եվրասիան է` այնտեղ ձուկը ջրում են: Զարգացու՞մ եք ուզում` նոր կառավարություն ու նոր վարչապետ պիտի պահանջեք: Լրիվ նոր:


Բաքվում նաև հայտարարում են, որ Ադրբեջանը դրական է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ՌԴ գործողությունների ակտիվացումը: Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը հանկարծ հասկացել է. «Հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանը կարող է մեծ դեր խաղալ, և դա բոլորն են հասկանում: Ես դրական եմ գնահատում այդ շփումները: Բանակցությունների առկայությունը, քննարկումները կբերեն ինչ-որ նոր գաղափարի»: Երա՞զ է տեսել, թե՞ մենք չգիտենք «ակտիվացման ակցիաները»: Բրյուսելը Բաքվին հույսեր չտվեց, որ ԵՄ-ը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հարթակ կդառնա` իր սցենարով: Տարածքային ամբողջականության սկզբունքը այս պահին ԵՄ-ի համար գերակա է` Կատալոնիայից, Կորսիկայից հետո համաեվրոպական անջատողական շարժումը կանխելու տեսակետից: Բայց ԵՄ-ը հավասարության նշան չդրեց Լեռնային Ղարաբաղի ու մյուս կոնֆլիկտների միջև: Դա Բաքվում գիտեն շատ լավ: Բաքվում գիտեն նաև, որ «մեծ եղբայր» Էրդողանը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի ու նպատակի փոփոխության ու «օկուպացված շրջանների» վերադարձի հարցերը ստորադասեց Թուրքիայի համար կենսական հարցերին ու Պուտինից չստացավ «հողերի վերադարձի» խոստում: Վերջնական «ոչ»-ը ասվեց Մինսկում` ՀԱՊԿ-ն ընդունեց Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» հայտարարություն: ՀԱՊԿ երկրների նախագահները հաստատեցին աջակցությունը ՄԽ համանախագահողների գործունեությանը, հիմնահարցի կարգավորման 3` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքներին: Սա Բաքվի համար դավաճանություն էր: Անհավատալի ու փաստացի: Որ Ալեքսանդր Լապշինին արտահանձնող ու «Հեյդար Ալիև» շքանշանը համբուրող, «Ես կաշխատեմ այս շքանշանի համար» ասող, տանկեր ու «Պոլոնեզներ» վաճառող Ալեքսանդր Լուկաշենկոն անցնի Հայաստանի կո՞ղմը: Որ ապրիլյան պատերազմի օրերին Ալիևին առաջինը զանգահարած ու «Ձեր կողքին ենք» ասած Նուրսուլթան Նազարբաևը, որ հանուն Բաքվի հետ համերաշխության բեկանեց Երևանում ԵԱՏՄ վարչապետների նիստը, հայտարարություն ստորագրի՞: Որ Պուտինը ՀԱՊԿ հայտարարությունը չդնի գզրոցում ու չասի` «Մոռացե՞ք»: Ի՞նչ է մնում Ալիևին:

Դիվանագիտության ոսկի կանոնը` նա, ով խանգարում է, նա էլ կօգնի` ու Նովրուզ Մամեդովը սլաքները տեղափոխում է Մոսկվա: Բայց գնացքը գնացել է` ՀԱՊԿ-ը միացավ Ղարաբաղի խնդրում միջազգային համաձայնությանը ԱՄՆ-ից, ԵՄ-ից, ՌԴ-ից, ՆԱՏՕ-ից հետո: Տարբերակ ունե՞ր ՀԱՊԿ-ը մերժելու իր հիմնադիր անդամին: ՈՒներ, եթե ցանկանում էր հակադրվել ԱՄՆ-ին, ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին ու դուրս դնել ՀԱՊԿ-ը աշխարհաքաղաքական զարգացումներից, Հայաստանին վանել կառույցից ու խորացնել ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունները: Առավել ևս` ԵՄ-ի հետ Հայաստանի շրջանակային համաձայնագրից հետո: Պետք էր քայլ, որ հավասարակշռեր: Ի՞նչ է մնում Բաքվին: Սուբստանտիվ բանակցությունների մասին քննարկումներ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև: Նրանք դեկտեմբերի 6-ին հանդիպեցին, բանակցեցին ու… երբեք չեք իմանա` ով ինչ ասաց, բայց գիտեք, որ Մամեդյարովը դեմ է ստատուս քվոյին ու բանակցությունների ակտիվացում, հարցի հրատապ լուծում է պահանջում, Նալբանդյանը շեշտը դնում է Վիեննայի պայմանավորվածությունների կատարման վրա` վստահության մեխանիզմների ստեղծման ու հարցի խաղաղ ճանապարհով լուծման: Համանախագահները համաձայն են, նրանք շարունակում են միջնորդական առաքելությունը` առանց ձևաչափի փոփոխության: ԱԳ նախարարների նոր հանդիպման մասին` արդեն 2018-ին: Նախագահներին մոռացեք` նրանք ընտրության առաջ են ու շատ զբաղված ներքաղաքական խնդիրներով, որ Ալիևի համար արտաքին քաղաքական են դարձել: Իսկ Սերժ Սարգսյանի մտքինը գիտի միայն… Ասեմ նաև, որ 2018-ի պետբյուջե էլ ունեք, շնորհավորում եմ: «Ելքը» մերժեց, որովհետև ընդդիմադիր է, ԲՀԿ-ն մերժեց, որովհետև ընդդիմադիր է վարչապետին, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համերաշխ երջանիկ ու գործնական էին: Չկար միայն Միքայել Մելքումյանը, ասում են` Գագիկ Ծառուկյանը գիտի նրա տեղը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ազնվությունը չափազանց թանկ նվեր է, էժանագին մարդկանցից նման ընծա մի ակնկալեք: Ապրեք ձեր կյանքը` մի քչփորեք անցյալը ու անցյալի ցավից մի քամեք ձեր կենսական էներգիան: Հայաստանը երկիր է, որտեղ կատարվում են բոլորի բոլոր ցանկությունները: Ձևակերպեք ձեր ցանկությունը` առանց ժլատության ու խելամտության մասին մտածելու: Մտածեք Հայաստանի մասին, մի հեռացեք ձեր երկրից, որտեղ դուք պետք եք բոլորին: Որտեղ դուք անհրաժեշտություն եք, եթե նույնիսկ ձեզ ըստ արժանվույն չեն գնահատում, աշխատանք չունեք ու տունն էլ տուն չէ: Մի գայթակղվեք ոչ ռուսաստաններով, ոչ եվրոպաներով: Այնտեղ ձեզ ոչ ոք չի սպասում ու չի սիրելու: Ձեզ օգտագործելու են` որպես աշխատուժ, տալու են նվազագույն պայմանները ու քամելու են առավելագույնը ձեր ֆիզիկական ու մտավոր հնարավորություններից: ՌԴ-ն այլևս երկքաղաքացիություն չի ընդունում: Սա փորձաքար է հայերի համար, որ ունեն ընտանիքի վերամիավորման խնդիր ու հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից` հանուն Ռուսաստանում ապրելու։ Եթե Ռուսաստանը ունի ժողովրդագրական խնդիր ու լուծում է ներգաղթով, ինչու՞ պիտի Հայաստանը դոնոր լինի: Մտածեք ձեր զավակների մասին, որ Հայաստանի երկինքը երազում էլ չեն տեսնի: Ձեր ապագան Սիբիրը չէ, ձեր ապագան այստեղ է` այս հողում ու այս երկնքի տակ: Փողով Հայրենիք չեն առնում` կյանքի իմաստը իրեն գտնելը չէ, այլ ստեղծելը: Ստեղծեք ձեզ ու ձեր Հայրենիքը: Հիմա ու այստեղ: Վախեցեք ոչ թե ձեր ցանկությունները չկատարվելուց, այլ կատարվելուց: Պարզապես աղոթեք Աստծուն, որ կատարվեն ոչ թե ընդհանրապես, այլ` ձեր ցանկացած պահին: Լավ է երբեք, քան ուշ:

Դիտվել է՝ 3425

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ